Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել երկրի իշխանություններին իր դատավարությունն անցկացնել թուրքական պետական TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլում ի պաշտպանություն Իմամօղլուի ցույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես Իմամօղլուից պատմական մարտահրավեր եմ փոխանցում Էրդողանին։ Քաղաքապետն ասում է, որ ինքը մեղավոր չէ։ «Եթե դու (Էրդողանը) վստահում ես ինքդ ձեզ, առաջարկում եմ դատավարությունն անցկացնել TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում», - ասել է Օզելը ՝ փոխանցելով ձերբակալված քաղաքապետի խոսքը։
Մարտի 23-ին դատարանը ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը օգնելու մեղադրանքով։ Իմամօղլուն Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է, և ընդդիմության կողմից համարվում է նախագահական ընտրությունների ապագա թեկնածու։
Նրա կալանավորումից հետո Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում բողոքի լայնածավալ ցույցեր են սկսվել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և գազ է կիրառել ցուցարարների դեմ, իշխանությունները փակել են ճանապարհները: Առաջատար հեռուստաալիքները դադարեցրել են հանրահավաքների ուղիղ հեռարձակումը։ Երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ մարտի 24-ին ձերբակալված ցուցարարների թիվը գերազանցել է 1,000-ը։
0Comments