Մեզ թվում է, թե դեսպաններին հրավիրեցինք՝ հարցը լուծվելու է. Փաշինյանը՝ գերիների մասին

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններին ներկայացնելով Բաքվում խոշտանգվող հայ գերիների վիճակը, ինչ որ բան կփոխվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե զգացմունքային մակարդակում էտ բոլոր զգացումները կիսում եմ, հասկանում եմ այն բոլոր մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ–ն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որոնք հստակ գնահատականներ են տալիս։ էլի ուզում եմ մի բան արձանագրենք` աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է , թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ։ Սենտիմենտնտները` սենտիմենտներ, բայց մենք պետք է գործենք բանաձևերում»,– ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ բոլոր բանակցություններում հայկական կողմն այդ հարցերը բարձրացնում է, այդ թվում` Ադրբեջանի հետ բանակցություններում։

«Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, որովհետև արդյունք չեն տվել»,– ասաց նա։

Վարչապետը բացատրեց` մինչ այդ ՀՀ իշխանությունները հանդես չեն եկել Բաքվում գտնվող հայ գերիների մասին հայտարարություններով, որպեսզի չսադրեն Ադրբեջանին խոշտանգել գերիներին։ Իսկ հիմա խոսում են դրա մասին, որովհետև Բաքուն արդեն խոշտանգում է նրանց։

«Եթե ես համոզված լինեի, կամ գոնե 70 տոկոսից բարձր վստահություն ունենայի, որ դա օգուտ է տալու գործին` իմ համար բարդ չէր ասելը։ Բայց ես 100 տոկոս վստահություն ունեի, որ դա ասելը վնաս է տալու այդ մարդկանց»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։