Այս հին փոշեկուլ մեքենաներն այս եղանակային պայմաններին այդքան էլ էֆեկտիվ չեն, քանի որ ջուր չենք կարողանում թողնել, փոշին բարձրանում է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այն օրը Մաշտոցի պողոտայով որ իջնում էի, տեսնում էի՝ ավելի շատ փոշի է բարձրացնում այդ մեքենան, քան կլանում»,- ասաց քաղաքապետը:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն էլ պարզաբանեց՝ քանի որ ջերմաստիճանը զրոյից ցածր է, ջրի սիստեմը մենք չենք կարողանում օգտագործել, մեքենան կունենա տեխնիկական խնդիրներ:
«Ցածր ջերմաստիճանի պայմանով բոլորս էլ գիտենք, որ ջուրը սառում է ու այդ սիստեմներն ամբողջությամբ կխափանվեն, դրա համար այս պահին ջրի սիստեմն անջատվում է: Աշխատանքները փոշեկուլների հիմնականում տեղի են ունենում գիշերը, 2 հատ փոքր փոշեկուլ ենք կարողանում օգտագործել ցերեկը, մնացած մեծ չափերի փոշեկուլները 12-ից հետո են աշխատանքի դուրս գալիս»,- ասաց Կատվալյանը:
«Համենայն դեպս, ինքս տեսել եմ, ու այդ փոքր ցերեկային փոշեկուլների աշխատանքի էֆեկտիվության վերաբերյալ մոտս հարցեր են առաջացել: Մանավանդ ակտիվ ժամերին, երբ մեքենաների մեծ հոսք կա, այդ փոքր փոշեկուլ մեքենաներն առանց ջրի օգտագործելն ուղղակի նպատակահարմար չէ»,- ի պատասխան ասաց Ավինյանը:
Նոր փոշեկուլ մեքենաները, ըստ Կատվալյանի, կառաքվեն մինչև մարտի 17-20-ի հատվածում:
0Comments