Ինչպիսին կլինի Կասկադի տեսքը. 20 մլրդ 46 մլն դրամ կծախսվի ծրագիրն իրագործելու համար

Մանրամասներ
Կասկադ

Երևանի քաղաքապետարանը Կասկադ ճարտարապետական ​​համալիրի վերջնական տեսքի համար նախապատվություն է տվել ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոնի «Մշակութային կասկադ» հայեցակարգին։

Նշվում է, որ «Նոր Կասկադ» նախագիծը կավարտվի շինարարության մեկնարկից հետո 5 տարվա ընթացքում, բայց չի հրապարակվում, թե երբ է նախատեսված մեկնարկը։

«Երևանի քաղաքապետարանը, հաղթող մասնակցի հետ կնքելով պայմանագիր, հնարավորություն է տալու վերջինիս կառուցապատման իրավունքի հիման վրա իրականացնել «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում համալիրը ստանալու է ամբողջական տեսք, ապահովվելու է նորաստեղծ հատվածի կապը ինչպես «Գաֆէսճեան» թանգարանի, այնպես էլ Հաղթանակի 50–ամյակի հուշարձանի միջև»,–երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նշենք, որ նորաստեղծ հատվածն ընդգրկելու է 33000 քմ կառուցապատման մակերես, որտեղ տեղակայված է լինելու 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, արվեստանոցների համար նախատեսված տարածքներ, ժամանցի և հանգստի գոտիներ։ Տարածքում լինելու է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի և կանաչապատ տարածքներ։ Ծրագրի ավարտին ամբողջ տարածքը փոխանցվել է Երևան համայնքին` որպես սեփականություն։

Հիշեցնենք, 2024 թվականի ապրիլին «Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի կենտրոնը Երևանին նվիրաբերեց Կասկադ համալիրի վերնամասում գտնվող 5105 քմ հողամասերը և դրանցում առկա շինությունները: