ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական զինուժը դուրս է եկել Կուրսկի մարզի սահմանից և մտել է Ուկրաինայի տարածք։
«Ամենաթարմ տեղեկությունը, որն ինձ զեկուցվել է բառացիորեն մեկ ժամ առաջ, այն է, որ անցած գիշեր810-րդ բրիգադի մարտիկները հատել են Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի սահմանը և դուրս են եկել հակառակորդի տարածք»,- ասել է Պուտինը լրագրողներին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ:
Նա հավելել է, որ ռուսական զորքը գրոհում է շփման գծի ողջ երկայնքով։
Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է, որ ռազմական լրագրողները հերոսաբար կատարում են իրենց քաղաքացիական և մասնագիտական պարտքը՝ օբյեկտիվորեն տեղեկացնելով մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Պուտինը նշել է`այդ լրագրողները չափազանց խիզախ մարդիկ են։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
0Comments