ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել. այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը:
«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», - ասել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարում կունենա քննարկումներում՝ ասելով. «Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա շատ լավ տեղ կլինի»:
Խոսելով հանդիպման ամսաթվի մասին՝ նա նշել է, որ «դեռ որոշված չէ», բայց դա կարող է լինել «ոչ այնքան հեռավոր ապագայում»:
Թրամփը հավելել է, որ դեռևս չի պատրաստվում մեկնել Ուկրաինա։
Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը ենթադրել է, որ նա ներկա չի լինի:
«Հավանաբար, մենք կանցկացնենք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդ հանդիպման համար», - եզրափակել է նա:
Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։
«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։
0Comments