Լավրովը կոչ է արել դադարեցնել հութիների դեմ ուժի կիրառումը

Մանրամասներ
լավրով ռուբիո

Հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Եմենի հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 15-ին Վաշինգտոնի նախաձեռնությամբ։

«Ամերիկյան ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկներին ի պատասխան՝ Լավրովն ընդգծել է ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, բոլոր կողմերի համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Բացի այդ, Լավրովն ու Ռուբիոն քննարկել են նաև փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կոնկրետ քայլերը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարը պայմանավորվել են շարունակել շփումները։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ին հայտարարել է, որ հրամայել է զինվորականներին գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ։ Նա նշել է, որ որոշումը կապված է ամերիկյան և այլ երկրների նավերի, ինչպես նաև ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ «ծովահենության, բռնության և ահաբեկչության շարունակական արշավի» հետ։ Շուտով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց Եմենում լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Անսար Ալլահ շարժման հութիներն իրենց հերթին ընդգծել են, որ ամերիկյան ավիահարվածներն անպատասխան չեն մնա։

Al-Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով արդեն 31 մարդ է զոհվել, ավելի քան 100 եմենցիներ վիրավորվել են։