Նախօրեին կայացավ այս տարվա երկրորդ հեռախոսազանգը Մոսկվա և հեռախոսազրույցը Փաշինյան-Պուտին ձևաչափով։
Մինչ Պուտինը Մոսկվայում զբաղված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին Մոսկվայում ընդունելով, 30-օրյա հրադադար հաստատելու Թրամփի առաջարկության դիտարկմամբ և Կուրսկում հատուկ ռազմական գործողություն համակարգելով, Փաշինյանն ընդունեց թուրք լրագրողներին, իրեն բնորոշ ոճով բազմաթիվ ուղերձներ հղեց Թուրքիային, հայտարարվեց ՀՀ-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, և այս ֆոնին Փաշինյանը որոշեց զանգահարել Պուտինին։
Փաշինյան-Պուտին զանգերի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների բնույթը, ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը։
Սակայն պատճառը միայն սա չէ, այլ այն, որ Փաշինյանն իր իշխանության տարիներին հեռախոսազանգը Պուտինին կամ դրա բացակայությունը վերածել է իր դժգոհությունը, ռուսական կողմին ուղղված իր բոյկոտը ցուցադրելու գործիքի։ Մենք բազմիցս ենք գրել այն մասին, որ վերջին տարիներին Փաշինյանը զրոյացրել էր իր կոնտակտները հեռախոսով Պուտինի հետ, պահպանելով միայն ամենաանհրաժեշտ շփումները բազմակողմ և երկկողմ ձևաչափում այցերի տեսքով։ Նույնը վերաբերում էր նաև ՀՀ գերատեսչություններին։ Սակայն այս տարեսկզբից՝ հունվարից ինչ-որ բան այդ վարքագծում փոխվեց, և հունվարի 18-ին երկար դադարից հետո Փաշինյանն իր նախաձեռնությամբ զրուցեց Պուտինի հետ։ Դա համընկավ Պուտին-Փեզեշքիան՝ Ռուսաստան-Իրան Մեծ համաձայնագրի ստորագրման հետ։
Եվ երկրորդ հեռախոսազանգը տեղի ունեցավ նախօրեին։
ՀՀ կառավարությունը հաղորդել էր՝ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ «Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,- ասված էր հաղորդագրությունում։
Իսկ Kremlin-ի փոխանցմամբ,Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և Երևանի պատրաստակամության մասին՝ ստորագրելու «այս կարևոր փաստաթուղթը»։ «Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական փոխշահավետ կապերի հետագա զարգացման որոշ հարցերի»,- ասված էր հաղորդագրությունում։
Ըստ Կրեմլինի՝ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կայանալիք հոբելյանական տոնակատարություններին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի նահանջի տարրեր են նկատվում: Պատճառը, նրա որակմամբ, աշխարհաքաղաքական նոր սպասումներն են՝ պայմանավորված գլոբալ բանակցություններով և արևմտյան քաղաքականության գլոբալ վերանայման գործընթացով։ Նա գտնում է, որ ՀՀ իշխանությունները գուցե հավաքական Արևմուտքի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախագահության պայմաններում մեծ հույսեր էին կապում, քանի որ արևմտյան քաղաքականությունը ևս այլ էր՝ միտված ՌԴ-ի դիրքերի թուլացմանը։
«Ներկայումս դեռ չունենք նոր ստատուս-քվո, բայց ինչ-որ բաներ փոխվում են կամ տպավորություն թողնում, որ փոխվելու են, ուստի Արևմուտքի հետ հարաբերություններում նախկին վստահությունն ամենայն հավանականությամբ արդեն չկա»,- նկատեց Լուկիանովը։ Բացի այդ, նա գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունների որակը փոխվելու է նոր աշխարհակարգի պայմաններում, քանի որ ռուսական քաղաքականությունը հետսովետական տարածաշրջանում ևս փոխվելու է, այն չի ունենալու այն տեսքը, որը եղել է մինչ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։
«Դա է ցույց տալիս պաշտոնական հաղորդագրություններում շեշտը փոխշահավետ համագործակցության վրա, դա կարծես նոր շեշտադրում է հայ-ռուսական հարաբերություններում։ Փոխշահավետությունը դրսևորվում է, օրինակ, ԵԱՏՄ-ի շրջանակում Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությամբ, չի բացառվում, որ ժամանակի ընթացքում քաղաքական խնդիրները լիովին վերանան կամ դա թելադրի աշխարհաքաղաքական իրավիճակը։
Այնուամենայնիվ, ներկայումս պետք է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ նոր ձևի ու բովանդակության փնտրտուքի մեջ են, ինչպես և աշխարհաքաղաքական իրավիճակը։ ՌԴ-ն հայտնում է նաև իր պատրաստակամությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցում, սակայն դա կարծես մշտական առաջարկ է, որոշումը պետք է կայացնեն կողմերը։
Հասկանալով, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել այս ռեգիոնում, ՌԴ-ն դեռ որևէ շեշտակի նախաձեռնությամբ հանդես չի գալիս»,- ասաց Լուկիանովը։
Նրա կարծիքով, ՌԴ-ի շուրջ իրավիճակը դեռևս առանց լուրջ ջանքերի փոխվում է, սակայն վստահաբար ՌԴ-ն ևս իրականացնելու է իր վերանայումները։
«Բայց դա դեռ ոչ մոտ ապագայում»,- ասաց նա։
0Comments