Գյումրու քաղաքապետի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր իշխանազրկումը կարող է տրիգեր հանդիսանալ ամբողջ երկրի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով ՏԻՄ ընտրությունների հնարավոր զարգացումների մասին։
Նրա խոսքով` Գյումրու քաղաքապետի ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է 4-5 ուժերի միջև, որոնց մեծ մասը ընդդիմադիր է։
«Գյումրիում հիմնական պայքարն ընթանալու է 4-5 ուժերի միջև, որոնց 90 տոկոսը լինելու է ոչ իշխանական։ Կարծում եմ` իրենք շանս ունեն իրար հետ պայմանավորվելու և համապատասխան համաձայնության պարագայում կարող են իշխանազրկել ՔՊ–ին Գյումրիում»,– ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը Գյումրիում ՔՊ–ի հաջողության հավանականությունն աննշան է գնահատում, քանի որ իշխող ուժի վարկանիշը խիստ նվազել է, և, նրա խոսքով, ՔՊ–ն միայնակ չի կարող 50%+ քվե հավաքել։
Ընտրությունների արդյունքում կարող է ձևավորվել «հատվածային» ավագանի, երբ ուժերից ոչ մեկը չի ունենա պարզ մեծամասնություն։ Եվ այդ ժամանակ ոչ իշխանական ուժերը կարող են համախմբվել ու Գյումրիում ընդդիմադիր իշխանություն ձևավորել։
Հակոբյանը նշեց, որ Գյումրին ավանդաբար միշտ եղել է ընդդիմադիր քաղաք. դրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ՝ Սպիտակի երկրաշարժից հետո բազմաթիվ սոցիալական խնդիրներ, քաղաքի բնակիչները մշտապես լրացուցիչ ուշադրություն են պահանջել իրենց նկատմամբ։ Բայց հիմա ՔՊ–ին ձեռնտու չէ, որ այս ընտրությունները համարվեն քաղաքական, քանի որ եթե իշխանությունների ընդհանուր վարկանիշը, ըստ վերջին հարցումների, 12%-ից ցածր է, ապա Գյումրիում ավելի ցածր կլինի։
Ըստ Հակոբյանի՝ այս ընտրություններում շատ մեծ դեր ունի այն, թե ով ինչ անձնական, ընտանեկան կապեր ունի, այս ընթացքում ինչ է արել, ինչ հեղինակություն ունի, եթե խոստանում է, մարդիկ հավատում են, թե ոչ։ Իհարկե, Գյումրին բավականին մեծ համայնք է, բայց այստեղ ևս մեծ նշանակություն ունի անձը, որը գլխավորում է այս կամ այն ցուցակը։ Կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է այդ լոկալ առանձնահատկության գործոնը հաշվի առնել և ինչ–որ տեղ հիբրիդային ծրագիր ներկայացնել։
«Ընտրություններում շահեկան դիրքում կարող են հայտնվել նրանք, ովքեր կկարողանան քաղաքական հարցերը համադրել տեղական հարցերի հետ։ Սա այն է, ինչ հիմա փորձում են անել հիմնական խաղացողները»,–ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» սկզբնական փուլում իրենց թեկնածուին ` «մեր Սարիկին» անջատել էին իրենց քաղաքական թիմից, որպեսզի նրան չնույնականացնեին ՔՊ–ի հետ և կուսակցության ցածր վարկանիշը չխանգարի թեկնածուին հաղթել ընտրություններում։
Սակայն պատկերը փոխվեց Փաշինյանի Գյումրի կատարած վերջին այցից և նրան բնորոշ ելույթից հետո, որտեղ նա կրկին հիշեց «նախկիններին» և «ներկաներին», «սևերին» ու «սպիտակներին», ինչպես նաև հայտարարեց, որ իրենք «յաշիկ առ յաշիկ» հետ են բերելու ամեն ինչ։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ` Փաշինյանն այդպիսով խիստ քաղաքականացրեց ընտրությունները, իսկ Սարիկ Մինասյանին հստակ նույնացրեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Հակոբյանը սա համարում է տակտիկական մեծ վրիպում Փաշինյանի կողմից։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Նշենք, որ Գյումրիում ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։
0Comments