Դիպուկահարներ են հայտնվել Սերբիայի նախագահի աշխատակազմի տարածքում (որտեղ ընթանում է բողոքի ակցիան) գտնվող շենքերում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Մասնավորապես, Սկուպշչինայի (խորհրդարանի) եւ Սահմանադրական դատարանի շենքի վրա դիպուկահարներ են հայտնվել։
Սկուպշչինայի շենքը շրջափակված է ոստիկաններով։ Խիտ ոստիկանական շարքեր են կանգնած նաեւ Պիոներական այգու շուրջ՝ վարչական շենքի մոտ, որտեղ վրանային ճամբար է տեղակայված նախագահ Վուչիչի կողմնակիցների համար։
Անվտանգությունն ապահովում են նաեւ քաղաքացիական հագուստով սպաները, որոնք բաշխված են ցուցարարների ամբոխի մեջ։ Բերման են ենթարկել հատկապես ակտիվ մասնակիցներից մեկին ու լրագրողների աչքի առաջ դուրս հանել նրան հանրահավաքից։
Ցուցարարները շարունակում են հավաքվել փողոցներում՝ Սկուպշչինայի դիմաց, տրակտորների եւ մոտոցիկլավարների մի քանի շարասյուն է եկել։
Սերբիայում ուսանողների եւ ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը շարունակվում են չորս ամիս այն բանից հետո, երբ 15 մարդ զոհվեց 2024թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում հովանոցի փլուզման պատճառով: Ուսանողների եւ ընդդիմադիր խմբերի սոցիալական ցանցերում շաբաթ օրը հայտարարվել է «Դ օր», ակտիվիստները կոչ են արել իրենց կողմնակիցներին գնալ Բելգրադ բողոքի ակցիային, որը պետք է ներգրավի մի քանի հարյուր հազար մասնակիցների։
Վուչիչը ուրբաթ հայտնել է, որ շաբաթ օրը Բելգրադում ուսանողների եւ ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցը չի համաձայնեցվել իշխանությունների հետ, սակայն կոչ է արել ոստիկանությանը եւ պետական այլ կառույցներին ապահովել լիարժեք անվտանգություն։ Նա ավելացրել է, որ պատասխանատվությունը կրում են չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչները եւ նշել, որ յուրաքանչյուր ոք, ով կհարձակվի ցուցարարների վրա, եւ յուրաքանչյուր ցուցարար, ով կհարձակվի մյուսների վրա, կկալանավորվի։ Նա նաեւ կոչ է արել ոստիկաններին ուժ չկիրառել, բացի ամենածայրահեղ դեպքերից։
0Comments