Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Մանրամասներ
պեսկով

Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են ինքնուրույն բանակցել։ Ինչպես հայտնում է Russian Mirror-ը, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ–ն դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ երկխոսությունում։

«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը: Ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը պահպանելով` մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորը, որը տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։

Նշենք, որ Մոսկվան բազմիցս արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, օգնել ֆինանսապես, տնտեսապես և հումանիտար առումով: 2024 թվականի հունիսին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեփական ժողովրդին հասցված վիրավորանք էր անվանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանից և հայերից խլել է Լեռնային Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի մարտին նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցաբար է որոշել հետևողականորեն փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ թվում`մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։

2025 թվականի հունվարին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա վստահեցրեց, որ Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի որդեգրել հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում։ Նախարարը չհամաձայնեց հայ լրագրողի այն դիտարկման հետ, որ հայ–ադրբեջանական խնդրի համատեքստում հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Նա նշեց, որ ՌԴ–ն խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ, որպեսզի իր եղբայրական ազգերն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ։