Հայաստանը և Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի աջակցության վրա․ Պուտինը՝ Փաշինյանին

Մանրամասներ
ռդ

Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և Երևանի՝ այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին: 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի նպաստ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր աջակցության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար: 

Քննարկվել են նաև ռուս-հայկական փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն առնչվող որոշ հարցեր: 

Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարություններին»: