Ըստ Washington Post-ի՝ փաստաթուղթը, որը ձեռք է բերվել եվրոպական անանուն երկրի հետախուզության կողմից, Կրեմլի համար պատրաստվել է վերլուծական կենտրոնի կողմից, որը սերտորեն համագործակցում է ԱԴԾ հինգերորդ ծառայության հետ, որը վերահսկում է գործողությունները Ուկրաինայում՝ փետրվարի 18-ին Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից մեկ շաբաթ առաջ: 100 օրում խաղաղության հասնելու Թրամփի ծրագրերն այնտեղ անիրատեսական են անվանում, իսկ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծումն անհնար՝ մինչև 2026 թվականը։
Հեղինակների կարծիքով՝ առանց Ռուսաստանի կողմից գրավված տարածքների ճանաչման, պատերազմը կարող է նորից սկսվել, օրինակ՝ ԱՄՆ հաջորդ վարչակազմի օրոք։ Փաստաթուղթը պնդում է ոչ միայն օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչման, այլև Ուկրաինայի հյուսիս-արևելքում Բրյանսկի և Բելգորոդի շրջանների հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծման, ինչպես նաև Ղրիմի մերձակայքում Ուկրաինայի հարավային շրջաններում ապառազմականացված գոտու ստեղծման մասին։ Այս գոտին ներառում է Օդեսայի մարզը։ Ուկրաինայի կողմից հնարավոր զիջումները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելը և ընտրությունների անցկացումը, որոնց կարող են մասնակցել ռուսամետ կուսակցությունները, մերժվում են որպես անբավարար։
«Իրականում Կիևի ներկայիս ռեժիմը հնարավոր չէ փոխել երկրի ներսում։ Անհրաժեշտ է դրա ամբողջական ապամոնտաժումը»,- մեջբերել է թերթը:
Ցանկացած խաղաղապահ ուժ (նույնիսկ պարտադիր չէ, որ եվրոպական) փաստաթղթում անվանվում է ոչ անհրաժեշտ, քանի որ նրանք կունենան «բավականին ուժեղ արևմտյան ազդեցություն»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարբերականին ասել է, որ ինքն «անտեղյակ է նման առաջարկություններին», և որ Կրեմլը «աշխատում է ավելի մտածված տարբերակների հետ»։
Միևնույն ժամանակ, պարբերականը գրում է, որ փետրվարի վերջին Մոսկվայի որոշ գործողությունները լիովին համահունչ են փաստաթղթի առաջարկներին. օրինակ՝ փետրվարի 24-ին Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ մշակել հազվագյուտ մետաղների հանքավայրերը գրավված ուկրաինական տարածքներում, իսկ ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումներում Ռուսաստանը կենտրոնացել է դիվանագիտական ենթակառուցվածքների վերականգնման վրա։
0Comments