Քաղաքական որոշումը կա, զուտ ժամանակի հարց է։ ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱՄՆ մասնագիտական խմբի Հայաստան ժամանման ձգձգման մասին հարցը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
Այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
«Հիմա կարող է լինել մեկ շաբաթ շուտ, մեկ շաբաթ ուշ, ինչ տարբերություն։ Ես չէի կենտրոնանա ժամանակի վրա, այլ կկենտրոնանայի քաղաքական կամքի վրա»,– ընդգծեց նա։
Ըստ Եղոյանի` ԱՄՆ–ում հեռացող ադմինիստրացիան իր հեռանալուց մեկ շաբաթ առաջ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի կարող ստորագրել այլ պետության հետ առանց արդեն իսկ եկող վարչակազմի հետ համաձայնեցման։
«Այնպես որ` այդ համաձայնեցումը եղել է, մնացածն արդեն ժամանակի հարց է»,– նշեց Եղոյանը։
Հիշեցնենք, որ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին: Դրանք են՝ տնտեսությունը (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։ Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա շրջանակում Հայաստան պետք է ժամանեին մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։
Մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի սուվերեն որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ–ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում:
0Comments