Թրամփը Զելենսկիից հրապարակային ներողություն է ակնկալում. Bloomberg-ը

Մանրամասներ
Թրամփ Զելենսկի

ԱՄՆ նախագահի վարչակազմը մասնավոր կերպով հասկացրել է, որ ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից հրապարակային ներողություն ստանալ՝ հարաբերությունները բարելավելու համար, գրում է Blommberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային:

Փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար։ Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Հանդիպումից անմիջապես հետո Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին, պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք հարկ է համարում ներողություն խնդրելը, ասել է, որ շնորհակալ է Միացյալ Նահանգներին, բայց «չի կարծում, որ սխալ է արել»՝ հավելելով, որ «որոշ բաներ պետք է քննարկել առանց տեսախցիկների»։

Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու միջև բախումից և ձախողված հանդիպումից հետո շատ եվրոպացի առաջնորդներ պաշտպանել են Զելենսկիին։ Սակայն ոմանք կոչ են արել Ուկրաինայի նախագահին փորձել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է հարգել, ինչ Թրամփն արել է Ուկրաինայի համար և նշել, որ Զելենսկին պետք է ուղի գտնի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։