ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և երկու երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։
Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր:
Պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Քարտուղարը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Բոլուի հյուրանոցում ողբերգական հրդեհի կապակցությամբ։
0Comments