ՆԱՏՕ-ն կարող է անհետանալ ԱՄՆ-ի և դաշինքի եվրոպացի անդամների հարաբերություններում առաջացող պառակտման հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում խորապես մտահոգված են Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքներով։ Ըստ նրա՝ այժմ եվրոպական երկրները ստիպված կլինեն իրենց վրա վերցնել բեռը և ավելացնել օգնությունը Կիևին, քանի որ ԱՄՆ-ն հասկացրել է՝ Ուկրաինային օգնությունը կդառնա «էպիկական չափերի աշխարհաքաղաքական սխալ»:
Հեռուստաալիքի հաղորդավարը նշել է, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայում ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցն ընդգծել են, որ Եվրոպան չի կարող հույս ունենալ, թե ԱՄՆ-ն կապահովի ՆԱՏՕ-ի Հավաքական անվտանգության մասին հինգերորդ հոդվածի գործողությունը (հինգերորդ հոդվածը նախատեսում է կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունը, ըստ որի զինված հարձակումը մեկ կամ մի քանի պետությունների վրա համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունների վրա-խմբ․):
«Մենք կարող ենք ականատես լինել ՆԱՏՕ-ի վերջին օրերին»,- ասել է Ստավրիդիսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը կարողացել է ԱՄՆ-ին հեռացնել ՆԱՏՕ-ից։
Ստավրիդիսը չի բացառել, որ ՆԱՏՕ-ի փոխարեն կարող է ի հայտ գալ եվրոպական պայմանագրի կազմակերպություն։
0Comments