Լիբանանի նախագահը հրահանգել է պատասխանել Սիրիայի գնդակոծություններին

Մանրամասներ
Ժոզեֆ Աուն

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը բանակին հրահանգել է պատասխան հարվածներ հասցնել Սիրիայի կողմից գնդակոծությունների դեպքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Այն, ինչ տեղի է ունենում արևելյան և հյուսիսարևելյան սահմաններին, չի կարող այսպես շարունակվել, և մենք դա թույլ չենք տա։ Ես Լիբանանի բանակին հրահանգել եմ պատասխան հարվածներ հասցնել կրակի աղբյուրներին»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 4 զինյալներից բաղկացած խումբը հատել է Լիբանանի սահմանը, որտեղ մարտի է բռնվել լիբանանյան կլաններից մեկի ռազմական թևի մարտիկների հետ: Սիրիացի զինյալներից երեքը սպանվել են։ Դրանից հետո լիբանանյան մի շարք սահմանամերձ բնակավայրեր հրետակոծվել են Սիրիայի կողմից։ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ պատասխան հարվածներով ճնշել է կրակը: