Վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը եռապատկվել է` տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ Այս մասին ԱԺ–ում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Սա դրական ցուցանիշ է, ու սրան զուգահեռ մենք խնդիր ենք ունեցել հասկանալու` ինչպես թվայնացնել այս գործընթացը»,– ասաց նա։
Սարգսյանը տեղեկացրեց, որ 2024–25 թթ. ընթացքում քաղաքացիության ոլորտի փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն կտա թվային հարթությունում իրականացնել քաղաքացիություն ստանալու ամբողջ գործընթացը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ միայն 9 ամսում 16 060 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
0Comments