Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով` ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ` առավել արագ և նվազ ծախսերով»,– ասված է որոշման մեջ:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում:
Նշվում է, որ ներկայում հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» («Ալիջան») անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան դեռևս 2022 թվականին են պայմանավորվել «Մարգարա» անցակետը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, սակայն այն շարունակում է փակ մնալ։
0Comments