Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան - Ադրբեջան էլեկտրոնային դիվանագիտությունը շատ դիտարժան է, հետաքրքիր և նորույթներով հագեցած:
Ինչ պարզվեց, Երևանից և Բաքվից գրեթե միաժամանակ պաշտոնապես ազդարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, վերջին երկու հոդվածներն էլ համաձայնեցված են և ավարտված է դրա շուրջ բանակցային գործընթացը:
Դրան հետևեցին ջերմ շնորհավորանքները տասնյակ մայրաքաղաքներից և միջազգային կառույցներից:
Այս իրադարձությունները ներկայացվեցին նաև որպես դիվանագիտական կարևոր նվաճում խաղաղության ճանապարհին: Միաժամանակ համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ ականատես եղանք ոչ բնականոն իրադարձությունների:
Չորս տարի տևած տանջալից ու բարդ բանակցությունների ավարտից անմիջապես հաջորդ օրերին սկսվեց ապատեղեկատվությունը սահմանային կրակոցների մասին, իսկ հետո Բաքվից առաջ քաշվեցին ստորագրման նոր նախապայմաններ՝ Սահմանադրության, Մինսկի խմբի, միջանցքի և անկլավների մասին:
Փաստացիորեն ամենացավոտ չլուծված և կոնֆլիկտային հարցերը ընդգրկված չէին պայմանագրի մեջ և բարձրաձայնվեցին դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից հետո:
Կրկնում եմ, թերևս մեկ այլ նման դեպք դժվար է գտնել դիվանագիտության պատմության մեջ: Ստացվեց, որ բանակցային գործընթացի ավարտից հետո սկսվում է նոր դիմակայություն: Անհրաժեշտ տեղեկատվության չտիրապետելով՝ դժվար է ասել, թե սա ինչ է: Ինչպես կարելի ավարտել մի փաստաթղթի շուրջ աշխատանքը և նորից սկսել դիմակայությունը հենց նույն փաստաթղթի շուրջ:
Մի կանխավարկած, որի մասին արդեն գրառում էի արել մի քանի օր առաջ: Հավանաբար ստորագրման գործը կասեցվել է կա՛մ Անկարայից, կա՛մ Մոսկվայից Ալիևի վրա որոշակի ճնշման արդյունքում: Ստորագրման պատրաստակամության ՀՀ վարչապետի անկեղծության վրա չեմ կասկածում:
Սպասվող ընտրությունների և ներքաղաքական լարվածության աճի պայմաններում սա կարող էր մատուցվել որպես նվաճում պատերազմի կանխարգելման կառավարության քաղաքականության գործում:
Ամեն դեպքում իրավիճակը մնում է անհասկանալի»։
0Comments