Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցության ցույցերի ընթացքում վիրավորվել է ոստիկանության 6 աշխատակից: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում՝ չնայած զանգվածային հավաքների արգելքին, որը սահմանվել էր մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, ելույթ ունենալով Ստամբուլում, իշխանություններին կոչ է արել դադարեցնել ցուցարարների դեմ պղպեղի ցողիչների օգտագործումը: Ակցիայի ժամանակ մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուրբաթ գիշերը ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց, հիմնականում ուսանողների, որոնք փորձել են երթով անցնել Աթաթուրքի բուլվարից մինչև Թաքսիմ հրապարակ: Հրապարակի տարածքը, ինչպես նաև Գեզի զբոսայգին, որտեղ 2013-ին զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, փակվել են: Այն հատվածներում, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում, փակ են նաև մետրոյի մի քանի կայարան և ավտոբուսների երթուղիներ:
ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։ Նրա խոսքով ՝ սոցիալական ցանցերում բողոքի կոչ անող ավելի քան 260 օգտահաշիվ է հայտնաբերվել, և դրանց մեծ մասը մոդերացվում է արտերկրից:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և կաշառակերության մեջ կասկածվող կազմակերպության գործով: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել իշխանությունների ճնշման առաջ։
Նրա ձերբակալությունը դժգոհության ալիք է բարձրացրել՝ չնայած անվտանգության ուժեղացված միջոցառումներին և մինչև մարտի 23-ը Ստամբուլում հանրահավաքների արգելքին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ մեկնաբանելով իրավիճակը, ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:
Նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն զրպարտություն են:
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Նրա թեկնածությունը CHP-ից հաստատել է նաև Օզելը՝ Ստամբուլի քաղաքապետին անվանելով նախագահի պաշտոնի գլխավոր ընդդիմադիր հավակնորդ։
0Comments