Էրդողանը մտադիր չէ աչք փակել «փողոցային ահաբեկչության» վրա

Մանրամասները՝ տեսանյութում
Թուրքիա

Արդեն երրորդ օրն է, ինչ Թուրքիայում շարունակվում են ընդդիմության զանգվածային հանրահավաքներն ու երթերը։ Ցույցերը ցրելու համար ոստիկաններն ավելի հաճախ են մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները աչք չեն փակի «փողոցային ահաբեկչության» վրա:

«Հետևելով մարգինալ խմբերին, հարձակվելով մեր ոստիկանության վրա, սպառնալով մեր դատավորներին և դատախազներին, մարտահրավեր նետելով ժողովրդավարությանը և ազգային կամքին, դիմելով ապօրինի և ոչ ժողովրդավարական միջոցների՝ այս երկրում ոչնչի չի կարելի հասնել: Թուրքիան «փողոցում գտած» երկիր չէ և չի ընկրկի փողոցային ահաբեկչության առաջ», - ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ կառավարությունը չի հանդուրժի «Թուրքիային ահաբեկելու» փորձերը։

«Կցանկանայի հայտարարել, որ չենք հանդուրժի Թուրքիան ահաբեկելու և երկրի անդորրը խաթարելու, մեր ժողովրդի կայունության դեմ ոտնձգությունների որևէ փորձ։ ԺՀԿ-ի ղեկավարի՝ փողոց դուրս գալու կոչը փակուղային է», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը, առաջին անգամ մեկնաբանելով Իմամօղլուի ձերբակալության պատճառով ստեղծված իրավիճակը, հայտարարել է ընդդիմության կողմից ոստիկանության և արդարադատության նկատմամբ քաղաքական ճնշման փորձերի մասին:

Թուրքիայում իրավիճակը սրվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի վերաբերյալ խոշոր գործի շրջանակներում Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Տրվել են նաև ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդերներ։ ԺՀԿ-ի ղեկավար Օզգուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ՝ Իմամօղլուի ձերբակալությունը մեկնաբանելով որպես ընտրություններում իր գլխավոր ընդդիմախոսից Էրդողանի ազատվելու ձգտում: Հետևելով ԺՀԿ-ի կոչին, ի աջակցություն Իմամօղլուի, քեմալիստական կուսակցության հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց։