Ստամբուլում իրավիճակը թեժացել է. բախումներ են սկսվել ցուցարարների և ուժայինների միջև

Մանրամասներ
ստամբուլ

Ստամբուլում իրավիճակը շարունակում է թեժանալ, այսօր բռնկված բողոքի ակցիաները վերաճել են ցուցարարների և ոստիկանության բախումների:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի, որն ապագա նախագահական ընտրություններում համարվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցը:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հազարավոր ուսանողներ փողոց են դուրս եկել։ Նրանք ճեղքել են ոստիկանական պատը, իսկ ուժայիններն ի պատասխան արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։

Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Անկարայում։

Հիշեցնենք` ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:

Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը: