Բլոգերին պատիժ է սպառնում ՀՀ–ի հետ սահմանին ռազմական տեխնիկա տեղափոխելու տեսանյութի համար

Մանրամասներ
ադրբեջան զորք

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) 18-ամյա բլոգերի է ձերբակալել հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Տեսանյութը տարածվել է մարտի 15-ին «TikTok» սոցիալական ցանցում։ Նշվում է, որ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստվում է ռազմական գործողությունների։

ՊԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։

«Հաստատվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2007 թ. ծնված Ռուստամով Սամեդ Բահման օղլուն 2025թ. փետրվարի 27-ին տեսանկարահանել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գյադաբեյի շրջանի տարածքում (ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանին. խմբ.) և օրենքով արգելված այդ տեսանյութը 2025թ. մարտի 15-ին հրապարակել «TikTok» սոցիալական ցանցի իր էջում», - ասված է հաղորդագրության մեջ:

ՊԱԾ–ը նաև պնդում է, որ այդ տեսանյութին ավելացվել են կադրեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում տեղադրվել են սոցիալական ցանցերում՝ իրականությունը չարտացոլող լրատվական նյութերի հղումներով:

Նշենք, որ վերջին օրերին Բաքուն Հայաստանին պարբերաբար մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ հայտարարությունները։ Բաքվի պնդումները չեն հաստատում նաև Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները։