Պետք են հստակ քայլեր, որ Ալիևը զիջումների գնա. քաղաքագետը` Ուոլցի հայտարարության մասին

Մանրամասներ
Սուրեն Սարգսյան

Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությանը պետք է հստակ քայլեր հետևեն, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ինչ–որ զիջումների գնա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ինչպես հայտնի է, Ուոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցից հետո հայտարարել է` ուրախ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել դեպի առաջ ու պայմանավորվել խաղաղության պայմանագիր կնքել։ Ուոլցը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը և խաղաղության գործընթացը պետք է ավարտել, որպեսզի Բաքվում պահվող բանտարկյալներն ազատ արձակվեն։

«Նման մակարդակում այսպիսի հայտարարություններ ԱՄՆ–ից հաճախ չեն լինում։ Կարծում եմ, որ սա առավելապես հայ համայնքի, սփյուռքի, մեր լոբիստների աշխատանքի արդյունքն է, վերջին ամիսներին նրանք շատ ակտիվ են աշխատում»,– նշեց միջազգայնագետը։

Հարցին, թե Ուոլցի ասածներն ինչ ազդեցություն կարող են ունենալ խաղաղության պայմանագրի գործընթացի և Ալիևի վարչակազմի վրա, քաղաքագետը շեշտեց` հայտարարությանը պետք է քայլեր հետևեն ու ճնշման մեխանիզմներ գործի դրվեն։ Այդպիսով գուցե Ալիևը գնա որոշ զիջումների։ Սարգսյանի կարծիքով` գոնե այս փուլում գործուն կամ կարևոր քայլեր չեն լինի, բայց պետք է սպասել։

Միջազգայնագետը նաև անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչ խորքային նպատակ ունի այս հայտարարությունն աշխարհաքաղաքական առումով։

«Գերիների Բաքվում լինելն Ալիևի համար ճնշման մեխանիզմ է ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի նկատմամբ։ Այլ խաղացողների համար էլ գերիների առկայությունը կարող է ճնշման մեխանիզմ դառնալ ու իրենց շահերից ելնելով` տարբեր պետություններ կարող են Ալիևին ասել` հայ բանտարկյալներ ունեք, նրանց իրավունքները պաշտպանված չեն, ԿԽՄԿ–ն այլևս չի գործում և այլն»,– ասաց Սարգսյանը։

Խոսելով Ուոլցի հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքի մասին` քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ «հավաքական Արևմուտք» այլևս չկա։