Մահացել է Արա Դեղտրիկյանը

Մանրամասներ
արա

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: 

Այս մասին հայտնում են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք և սգում մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։
1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և

ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։
1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։

1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։

1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։

1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։

1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում էր մինչ օրս։