ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»։ Թրամփը հրապարակումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համատեքստում, որը նախատեսված է մարտի 18-ին։
«Վաղն առավոտյան ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են, բայց դեռ շատ բան է մնացել: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլք սպանվում են։ Ամեն շաբաթ երկու կողմից էլ 2500 զինվոր է զոհվում, և սա պետք է ավարտվի հիմա: Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին», - գրել է նա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ մարտի 13-ին Մոսկվայում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը հանդիպել էՊուտինի հետ։
«Դա ժամանակի կորուստ չէր, նա վերադարձավ որոշ տեղեկություններով, բայց մենք ավելին կիմանանք վաղը, երբ նախագահը կխոսի Պուտինի հետ», - ասել է Ռուբիոն:
Մի քանի ժամ առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնի Քենեդու կենտրոնում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները հասել են «շատ կրիտիկական փուլ»: Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ իշխանությունները կհամաձայնեն ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարին։ Ուկրաինայի իշխանությունները մարտի 11-ին համաձայնել են ամերիկյան վարչակազմի առաջարկին։
0Comments