Գնահատեցի նրա կատակը. Տոկաևը պատասխանել է Լուկաշենկոյի՝ Միութենական պետությանը միանալու առաջարկին

Մանրամասներ

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որը վերաբերում էր ռուս-բելառուսական Միութենական պետությանը միանալու հրավերին, հայտնում է inbusiness.kz-ը։

«Վերջերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն առաջարկեց Ղազախստանին միանալ Միութենական պետությանը, ես գնահատեցի նրա կատակը: Կարծում եմ, որ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա մենք դրա կարիքը չունենք, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք հավատարիմ ենք մնում այս միջազգային փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ասել էր, որ Ղազախստանը կարող է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը, որի պարագայում «միջուկային զենքը կլինի բոլորի համար»։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական II համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ մատնանշել էր Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության «ֆենոմենը» ԵԱՏՄ-ի կառուցվածքում և «երկուսի համար մեկ միջուկային զենքի առկայությունը»: Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարն առաջարկել էր քննարկել երկրների ինտեգրման տարբեր խնդիրը։

Մեկնաբանելով Տոկաևի մտավախությունները՝ Լուկաշենկոն կասկածել էր, որ Ղազախստանի նախագահը «անհանգստանում է այդ առնչությամբ»։ Լուկաշենկոյի խոսքով՝ ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու այլ երկրներ ունան նույն սերտ հարաբերությունները, ինչ Մոսկվան ունի Մինսկի հետ։

«Եվ դա շատ պարզ է՝ պետք է միանալ Բելառուս-Ռուսաստան միությանը։ Այդ դեպքում միջուկային զենքը կլինի բոլորի համար։ Սա իմ կարծիքն է, սա ռուսների կարծիքը չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ միավորվելու բացառիկ հնարավորություն ունենք»,- ասել էր նա։

Այս շաբաթվա սկզբին Ղազախստանի նախագահի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր չէ ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, թեև «ԵԱՏՄ երկու անդամները՝ Ռուսաստանը և Բելառուսը, ցույց են տալիս մերձեցման ավելի ու ավելի սերտ մակարդակ»։