Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործությունների հակազդման դեպարտամենտի և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում կասեցվել է Երևանում գործող երկու խարդախ զանգերի կենտրոնների գործունեությունը։ Այս մասին հայտնում է 24KZ-ն՝ հղում անելով երրկրի ոստիկանությանը։
Ձերբակալվել են անդրազգային հանցավոր խմբի կազմակերպիչներն ու մասնակիցները, որոնք խաբել են Ղազախստանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով ներդրումներ կատարել կեղծ ընկերություններում։
Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործությունների հակազդման դեպարտամենտի պետ Ժանդոս Սույինբայի խոսքով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, շուրջ մեկ կգ ոսկի, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի, հինգ ավտոմեքենա և կրիպտոարժույթով փակ դրամապանակ։
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 41 մարդ, որոնք Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ են։
Այժմ ՀՀ իրավապահ մարմինները ղազախ գործընկերների աջակցությամբ շարունակում են քննչական և օպերատիվ գործողությունները՝ բացահայտելու խարդախության բոլոր դրվագները, պարզելու հանցակիցներին և պատճառված վնասի չափը։
0Comments