ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին՝ «արտաքին աջակցության ծրագրերի (որոնք ֆինանսավորվում են դեպարտամենտի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից) նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու» մասին՝ մինչ դրանց վերանայումը։
Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։
CBS News-ի տրամադրության տակ հայտնված կարգադրությունում ասվում է, որ ԱՄՆ կառավարությունում «ներկայում հնարավոր չէ բավարար տեղեկատվություն ստանալ մեկ տեղում, որպեսզի որոշվի, թե արդյոք արտաքին օգնության ոլորտում հատկացումներով աջակցվող քաղաքականությունը եւ շահերը արդյունավետ են»:
Ռուբիոյի կարգադրությունում նաեւ ասվում է, որ պետդեպարտամենտը «կարիք ունի կենտրոնացված պահոցի, որտեղից գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաները, ԱՄՆ ՄԶԳ-ն, դեսպանները, առաքելությունները եւ այլք կարող են բավական մանրամասն տեղեկատվություն ստանալ, որի հիման վրա քարտուղարը կարող է դատողություններ անել»:
«Հետագա ցուցումները նոր կամ թարմացված տեղեկատվության պարտադիր ներկայացման վերաբերյալ կտրամադրվեն մոտ ապագայում»,- նշել է ԱՄՆ նոր պետքարտուղարը։
Ռուբիոյի կարգադրության համաձայն՝ 85 օր է տրվում՝ ավարտելու համար «օտարերկրյա օգնության համապարփակ վերանայումը», «զեկույցը պետք է ներկայացվի պետքարտուղարին՝ վերանայման եւ նախագահին առաջարկելու համար»,- նշվել է կարգադրությունում:
Այն կազդի նաեւ առկա օգնության ծրագրերի վրա։
«Գոյություն ունեցող դրամաշնորհների առնչությամբ՝ պայմանագրային եւ դրամաշնորհային ծառայողները պետք է անհապաղ դադարեցնեն գործունեությունը՝ կիրառվող դրամաշնորհի պայմաններին համապատասխան, մինչեւ այն պահը, երբ պետքարտուղարը կավարտի վերանայումը»,- ասված է տեքստում:
ԱՄՆ պետքարտուղարը կարգադրել է նաեւ Իսրայելին եւ Եգիպտոսին տրամադրվող օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը բացառել հրամանից, ինչպես նաեւ շտապ պարենային օգնությունը եւ «աշխատավարձերը, կից վարչական ծախսերը, ներառյալ ամերիկացի աշխատակիցների, կապալառուների անձնական ծառայությունները եւ տեղում վարձված աշխատակիցների ճանապարհորդությունները»։
Ինչպես նշել է CBS News-ը, պաշտոնավարման վերջին օրերին Ջո Բայդենի վարչակազմը վերուղղորդել է ԱՄՆ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական օգնությունը (որն ի սկզբանե նախատեսված էր Եգիպտոսի համար) Լիբանանին՝ աջակցելու լիբանանյան բանակին Իսրայելի եւ «Հեզբոլլահ» շարժման միջեւ հրադադարի համաձայնագրից հետո:
0Comments