ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին երկամսյա ժամկետ է տվել միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով նամակին ծանոթ աղբյուրներին։
Անհասկանալի է՝ այս երկու ամիսը հաշվվում է նամակի ստացմա՞ն, թե՞ բանակցությունների մեկնարկի պահից։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, Իրանի միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան, գրում են լրատվամիջոցները։
Երկու շաբաթ առաջ, Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկելով նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին:
Մեկ օր անց Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերություններում «հասել է վերջին պահին»։
«Մենք չենք կարող նրանց թույլ տալ, որ միջուկային զենք ստանան։ Շատ շուտով ինչ-որ բան է լինելու։ Ես կգերադասեի խաղաղության պայմանագիրը մյուս տարբերակից, բայց մյուս տարբերակը կլուծի խնդիրը»,- նշել է նա։
Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդին՝ Աբու Դաբիում անցկացված հանդիպման ժամանակ:
Մեկ օր անց բանագնաց Անվար Գարգաշը մեկնել է Թեհրան և նամակը հանձնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։
Աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեին «կոշտ» էր ԱՄՆ-ի համար: Մի կողմից նա առաջարկել էր բանակցություններ վարել միջուկային նոր համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել էր հետեւանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը։
Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ և նշել է գործարքի համար երկամսյա վերջնաժամկետ, ասել են երկու աղբյուրներ:
Սպիտակ տունը նամակի մասին տեղեկացրել է ԱՄՆ մի քանի դաշնակիցների, ներառյալ՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Արաբական Մաիցյալ Էմիրություններին, նախքան այն իրանցիներին փոխանցելը, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:
0Comments