ԱՄՆ-ում հաճախակի են դարձել Tesla–ների հրկիզման դեպքերը

Մանրամասներ
տեսլա հրդեհ

ԱՄՆ–ում վերջին շրջանում հաճախակի են դարձել Tesla ընկերության ավտոմեքենաների և այդ ընկերության լիցքավորման կայանների հրկիզման դեպքերը։

Ինչպես հայտնում է РБК–ն, նման դեպք է տեղի ունեցել նախօրեին Լաս Վեգասում, որտեղ անհայտ անձը Tesla-ի տեխնիկական սպասարկման կայանի մոտ այդ ապրանքանիշի մի քանի ավտոմեքենա է այրել: Սպասարկման կայանի դռներին հայտնաբերվել է «Դիմադրիր» գրությունը։

Նշվում է, որ ՀԴԲ-ն հետաքննում է միջադեպը որպես ներքին ահաբեկչություն։

ԱՄՆ ոստիկանությունն արդեն հետաքննում է Tesla-ի լիցքավորման կայանների, ավտոսրահների և անհատական ​​մեքենաների վրա հարձակումների մի քանի դեպք։

Մասնավորապես, մարտի 3-ին Բոստոնի ծայրամասում գտնվող առևտրի կենտրոնում այրել են Tesla-ի յոթ լիցքավորման կայաններ։ Հինգ օր անց Նյու Յորքում վեց ցուցարար էր ձերբակալվել ավտոսրահը զավթելու համար, իսկ Կոլորադոյում մի կնոջ մեղադրել են Tesla-ի ավտոսրահում հրկիզող խառնուրդով շշեր նետելու և մեքենաները վնասելու մեջ:

Այդ հարձակումների պատճառները, ըստ CNN-ի, քաղաքական են, մասնավորապես, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի աշխատանքը Դոնալդ Թրամփի վարչակազմին կից, այսպես կոչված, կառավարության արդյունավետության դեպարտամենտում։

Carscoops-ի տվյալներով` ԱՄՆ ապահովագրական ընկերությունները մտադիր են Tesla-ի մոդելները ներառել «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ սեփականատերերը, հավանաբար, չեն կարողանա ապահովագրել դրանք: Վանդալիզմը առայժմ միայն բարձրացրել է ապահովագրավճարների արժեքը։ Մասկի հակառակորդները համացանցում տեղադրել են նաև Tesla-ի սեփականատերերի անուններն ու հասցեները։ Նրանց թվում է, ինչպես պարզաբանել է պարբերականը, նաև ՀԴԲ–ի նորանշանակ տնօրեն Քեշ Փաթելը։