ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ներգրավված է եղել արտերկրում զենքի վաճառքի մեջ և դրանից շահույթ է ստացել, պարզ է դառնում նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ Ազգային արխիվի կողմից հրապարակված նյութերից։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գաղտնազերծված փաստաթուղթը անվտանգության մարմինների կողմից հավաքած տեղեկություններ է պարունակում զենք վաճառող, ԿՀՎ նախկին աշխատակից Սամուել Քամինգսի մասին: Նա նախկինում ևս կասկածվել է հեռանալուց հետո ԿՀՎ-ի հետ կապեր պահպանելու մեջ: Նոր փաստաթղթերի համաձայն՝ Քամինգսը միջնորդ է եղել, ում միջոցով ԿՀՎ-ն փաստացի եղել է ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Կանադայում գրանցված զենք վաճառող ընկերությունների՝ International Armament Corporation–ի և Interamco–ի սեփականատերը:
Փաստաթղթերում նշված է, որ «1958 թվականին Քամինգսը ստանձնել էր այդ ընկերությունների սեփականատիրոջ դերը, որոնց մաքուր արժեքը գործակալության (ԿՀՎ - խմբ.) աուդիտի կողմից գնահատվել է 219 հազար դոլար»։ Նշվում է, որ Քամինգսը կարողացել է ձեռք բերել ընկերությունները վարկի և պահեստներից վերցրած զենքի շնորհիվ։ Ըստ նյութերի՝ վաճառվող զենքերը «պետք է մնային ԿՀՎ-ի սեփականությունը, իսկ դրանց գումարը պետք է վերադարձվեր գործակալությանը վաճառքից հետո»։
Նշվում է, որ Քամինգսը ԿՀՎ-ի կողմից օգտագործվել է որպես տեղեկություններ տրամադրող «զենքի իրացման նպատակով», և գործակալությունը «զգալի շահույթ է ստացել այդ գործարքներից»։
Բացի այդ, ԱՄՆ ազգային արխիվների նյութերից հետևում է, որ նախորդ դարի 1970-ականներին ԿՀՎ-ն դոսյեներ է ստեղծել ոչ միայն օտարերկրյա հատուկ ծառայությունների իր գործընկերների վրա, այլև ԱՄՆ-ի համար բարեկամ երկրների դիվանագետների վրա: Այսօր հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ դոսյեներ են բացվել նաև «բոլոր իսրայելցի դիվանագետների» և բրիտանական Մի–5 և Մի–6–ի աշխատակիցների վրա։ Բացի այդ, տվյալներ են հավաքվել նաև կանադացի կոմունիստների մասին։
Այս գիշեր հրապարակված փաստաթղթերը ֆորմալ վերաբերում են նախկին նախագահ Քենեդու և ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։
0Comments