Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Այդ մասին օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։«Դուք տեսել եք, թե ինչպես մենք խստացրինք մեր արձագանքը:
Եվ մենք կշարունակենք խստացնել մեր արձագանքը, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները։ Չեմ ասի, թե հստակ ինչ բնույթ կունենան այդ պատժամիջոցները, բայց, այո, մինչև մեր լիազորությունների ժամկետի ավարտը մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Վրաստանի կառավարության դեմ», – Միլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Վրաստանում ընդդիմությունը չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Հանրապետությունում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ցույցեր։ Նոյեմբերի 28-ին երկրում բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին՝ մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարելու հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառներն են եղել ԵՄ-ի մշտական «շանտաժն» անդամակցության երկխոսության մեկնարկի վերաբերյալ, խորհրդարանի ընդունած մի քանի օրենքները չեղյալ հայտարարելու պահանջները և Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերը։
0Comments