ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Նահապետյանը

Մանրամասներ
Արթուր Նահապետյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Նահապետյանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արթուր Նահապետյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,– ասված է որոշման մեջ:

Նշենք, որ մարտի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երկուական առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։

«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում»,– գրել էր նա։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել 2024 թ. նոյեմբերի 18–ին։