Պետությունն օտարերկրյա բուհերում սովորելու համար կրթաթոշակ կտա, պայմանով, որ 50 տոկոսը վճարի գործատուն

Մանրամասներ
ուսանող

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում հաստատեց ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բուհերում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը:

Նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին, որպես պետական ֆինանսական խրախուսանք, ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Կրթաթոշակի տրամադրման համար, բացի լավագույն ուսումնական հաստատություններում լրիվ բեռնվածությամբ սովորելու պայմանից, սահմանվել է ևս մեկ պահանջ՝ սովորողի ներկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում Հայաստանի կողմից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո, առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։

Մեկ այլ պայման էլ է ամրագրվել նախագծում, առ այն, որ   գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Միաժամանակ սահմանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում Հայաստան կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:

Կրթաթոշակի տրամադրման գործընթացն ապահովելու համար նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարի, ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, կհայտարարվեն պետական կրթաթոշակների առավելագույն թիվը:

Այս որոշումն ուղղված է կազմակերպություններում բարձր որակավորմամբ մասնագետների ներգրավվածությանը։