ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից մեր երկիրը կունենա պաշտպանության հարցերով կցորդ: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ ՄԱԿ–ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:
Բացի այդ, ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն կունենա ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները:
ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել նաև դիտորդական գործառույթներ:
0Comments