Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին

Մանրամասներ
Կիսելյով

Գիտեք, որ օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելու եւ բողոքի հայտագիր ներկայացնելու հետ:

«Սրանով պայմանավորված, այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ։

Եթե կհիշեք, նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որը արգելափակված է, ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով չի հեռարձակվում՝ Սոլավյովի հաղորդումը։ Մեր տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը։

Ինչպես նախորդ հաղորդման դեպքում, այս պարագայում ևս կոնկրետ Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել։

Հետևաբար բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար, իրենց հեռուստակոնտենտով ու բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգով բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական մյուս հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: Ես կարծում եմ՝ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է, օբյեկտիվ է և արդար է։

Այս պարագայում այսօր մենք ուրեմն բողոք ենք ներկայացրել աշխատանքային կարգով հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը և ընդհանրապես կառավարությունը կհստակեցնի դրա հիման վրա իր անելիքները.,- հայտարարեց նախարարը:

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ է հնչել, որ ինքնիշխանությանը դեմ է եղել, Հայրապետյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում կետ առ կետ անդրադառնալ այն թեզերին, առանց այդ էլ մեզ համար անընդունելի և անթույլատրելի խոսույթների մի հատ էլ մենք միասին դրանք հավելյալ տարածենք: Ես ընդամենը ընդհանրական կարող եմ ասել, որ այդ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին»

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ավելորդ  չեմ համարում նշել, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային խաղաղության գործընթացները կյանքի կոչելու և արագացնելու համար առաջ է քաշել իր տեսլականը և իր առաջարկների փաթեթը, այն հստակ անվանում ունի, կոչվում է խաղաղության խաչմերուկ: Նույն խաղաղության խաչմերուկը նաև կոնկրետ լուծում է առաջարկում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումների մասով: Ընդ որումը շատ կարևոր է արձանագրել, որ ոչ թե խոսքը առաջարկի մասին է, այլ կոնկրետ լուծման մասին է, և ՀՀ կառավարությունը սպասում է ադրբեջանական կողմի դրական արձագանքին»:

Նա կրկնեց, որ բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող կոնտենտը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։