Նիկոլ Փաշինյանը Նովրուզի առիթով շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Մանրամասներ
նիկոլ իրան դրոշ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի և Իրանի միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը»,–ասված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում:

Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանն ասել է, որ գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ

Հայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում»,–ասված է ուղերձում:

ՀՀ վարչապետը Իրանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն: