Ադրբեջանը վճռականորեն ճնշելու է խաղաղության գործընթացի դեմ ուղղված քայլերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ
ագն

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել՝ կապված Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ մամուլի ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների հետ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, գերատեսչությունը մեղադրել է հայկական կողմին մանիպուլյացիայի և «Ադրբեջանը որպես խաղաղությամբ չշահագրգիռ երկիր ներկայացնելու փորձի մեջ»։

Բաքուն հերթական անգամ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին` հայտարարելով, որ «այս երկիրը վերջին երկուսուկես տարիների ընթացքում խոչընդոտում է գործընթացին` անընդունելի առաջարկներ մտցնելով բանակցությունների տեքստում», և «Ադրբեջանի դիվանագիտությունն ու Ադրբեջանի ձեռնարկած միջոցներն էին, որ մեզ թույլ տվեցին ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ»:

Միաժամանակ, ևս մեկ անգամ ընդգծվում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու, «Հայաստանից վտարված ադրբեջանցիների ընդունելություն» ապահովելու, մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների գտնվելու մասին տեղեկատվություն տրամադրելու և ականների քարտեզների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում համագործակցելու պահանջը։

«Ինչ վերաբերում է պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվող կամ դատապարտված հայ բանտարկյալներին ազատ արձակելու կոչերին, ապա մենք ընդգծում ենք, որ հանցագործությունների հետաքննությունն ու դատելը՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների և միջազգային և ներքին իրավունքի, Ադրբեջանի անօտարելի իրավունքն ու պարտականությունն է։

Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն ճնշելու է այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը, ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն «Ադրբեջանի ձեռնարկած միջոցները թույլ տվեցին մեզ ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ» արտահայտությամբ, բավական թափանցիկ ակնարկում է Երեւանի վրա ճնշում գործադրելու մասին։