Պուտինն ուղերձ է հղել Սիրիայի նոր ղեկավարին

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաային, ըստ РИА Новости-ի՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ աշ-Շարաային, որում նա աջակցել է Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման»,-նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է նաև, որ Պուտինը հաստատել է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը։

«Հաստատվել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը սիրիական ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի ամբողջ շրջանակում՝ ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու նպատակով»,-հստակեցրել է նա։

Փետրվարին Պուտինն առաջին անգամ հեռախոսով զրուցել է Սիրիայի նոր ղեկավարի հետ։ ՌԴ նախագահն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելու մերձավորարևելյան երկրի միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հաստատել Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, ներառյալ՝ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Իր հերթին աշ-Շարաան մատնանշել է երկու երկրների միջև ամուր ռազմավարական հարաբերությունները։