Բախումներ՝ Լիբանանի և Սիրիայի սահմանին. տեսանյութ

Մանրամասներ
4

Քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության պահպանման նկատառումներից ելնելով՝ լիբանանյան բանակն ուժեղացրել է պաշտպանության միջոցները:

Այս գիշեր լիբանանա-սիրիական սահմանին մարտեր են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են տելեգրամյան ալիքները, Սիրիայի նոր իշխանությունների զինուժը կրակ է բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ։

Սիրիայի իշխանությունները լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայել սահմանին։ Լիբանանյան բանակը հակահարված է հասցրել։

Լիբանանի Բաալբեկ-Հերմել նահանգի պատգամավոր Գազի Զայտերը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Սիրիայի նոր իշխանությունների հետ առնչություն ունեցող մի խումբ զինյալների կողմից լիբանանա-սիրիական սահմանը հատելու հետևանքով տեղի ունեցած բախումներն ուղիղ հարձակում են։

«Հերմել շրջանի սահմանամերձ գյուղերն ուղիղ հարձակումների են ենթարկվում Սիրիայի նոր վարչակազմի հետ առնչություն ունեցող զինյալների կողմից, որոնք անկանոն հարվածներ են հասցնում քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ բնակելի տներին և գյուղատնտեսական հողերին», – ասել է Զայտերը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ սիրիական ստորաբաժանումները կանխամտածված փորձել են Բեկաա հովտի հյուսիսային մասում գտնվող Էլ Քասր բնակավայրի տեղամասով ներթափանցել Լիբանանի տարածք, իսկ հետո ծանր սպառազինությամբ հրետակոծել են տեղանքը:

Ելնելով քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության պահպանման նկատառումներից` Լիբանանի բանակն էլ ուժեղացրել է պաշտպանության միջոցները:

Ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 4 զինյալներից բաղկացած խումբը հատել է Լիբանանի սահմանը, որտեղ մարտի է բռնվել լիբանանյան կլաններից մեկի ռազմական թևի մարտիկների հետ: Սիրիացի զինյալներից երեքը սպանվել են։

Դրանից հետո լիբանանյան մի շարք սահմանամերձ բնակավայրեր հրետակոծվել են Սիրիայի կողմից։ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ պատասխան հարվածներով ճնշել է կրակը:

Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն իբր ներխուժել են Սիրիայի տարածք և սպանել երեք զինծառայողի, մինչդեռ լիբանանյան շարժման մամուլի ծառայությունը հերքել է իր մասնակցությունը լիբանանա-սիրիական սահմանին տեղի ունեցած մարտերին: