ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությանը։
«Պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում է Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասված է հաղորդման մեջ։
Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Այն կնախագահեն համանախագահները՝ Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Յացկինը և Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովը։
Պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը, Դաշնության Խորհրդի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Բուլավինը, գիտական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իլյաս Ումախանովը, սոցիալական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ժաննա Չեֆրանովան, տնտեսական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Իվան Աբրամովը, Պետդումայի պատգամավորներ և Աստրախանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին հաղորդվել էր, որ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կմեկնի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»։ Այս մասին քննարկվել էր Դաշնային խորհրդի նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել էին նաև Դաշնային խորհրդի նախագահի՝ իր հայ գործընկերոջ հրավերով Երևան կատարելիք պաշտոնական այցի մանրամասները՝ ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո», - այն ժամանակ հայտնել էր Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը:
0Comments