Ընդգծելով դժվարությունները հաղթահարելու Իրանի ժողովրդի վճռականությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Իրանը երբեք տեղի չի տա նվաստացմանը, գրում է Mehr-ը։
Շաբաթ օրը մի խումբ իրանցի բարերարների հետ հանդիպման ժամանակ Փեզեշկիանը կարևորել է ժողովրդի վճռորոշ դերը ճգնաժամերի լուծման և կառավարությանն աջակցելու գործում:
Իրանի նախագահը հայտարարել է, որ միասնությունն ու համերաշխությունը կարող են օգնել ազգին հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
«Ոչ մի ուժ, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կանգնի նրանց կողքին, չի կարողանա հաղթել Իրանի ժողովրդին։ Այսօր որոշ պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն և որոշ եվրոպական երկրներ, սխալմամբ կարծում են, որ Իրանը թուլացել է, և իրենք կարող են ճնշում գործադրել։ Այն, ինչ նրանք չեն կարողանում հասկանալ, այն է, որ Իրանի ժողովուրդը երբեք նվաստացում չի հանդուրժի»,- ասել է նա։
Մասուդ Փեզեշկիանն ընդգծել է նաև հանրության ներդրումներին վստահելու կարևորությունը` նշելով, որ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ կարելի է զգալի առաջընթացի հասնել: Նա խոստովանել է, որ վարչակազմը չի կարող լուծել բոլոր խնդիրներն առանց հանրային աջակցության։
Փեզեշկիանը բոլոր իրանցիներին միավորվելու կոչ է արել։
«Եթե անգամ հարյուր անգամ ձախողվենք, քանի դեռ ապրում ենք, մեր երկիրը կառուցելու ենք ներքին միասնության և մեր հարևանների հետ առողջ հարաբերությունների հիման վրա»,- ասել է նա։
0Comments