Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ իրենց ուժերը ամերիկյան ավիակիր Harry S. Truman-ը ոչնչացնելու «որակյալ գործողություն» են իրականացրել, հայտնում է Al Jazeera-ն։
«Մեր ուժերը 18 բալիստիկ և թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքով հարվածել են Harry S. Truman ավիակրին»,- ասել է նա։
Սարին հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 170 օդային հարված է հասցրել Եմենի տարբեր շրջաններին։ Նա ընդգծել է, որ Իսրայելին առնչվող նավերի դեմ շարժման կիրառած ծովային շրջափակումը կշարունակվի Կարմիր ծովում այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հանել Գազա մարդասիրական օգնության մատակարարումների շրջափակումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։
Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։
Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։
Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար»։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը որևէ դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում՝ Եմենի «Անսար Ալլահի» քաղաքականության ուղղորդման մեջ։
0Comments