Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակրի վրա երկու հարձակման մասին

Մանրամասներ
Հութի եմեն

Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան Harry Truman ավիակրի վրա երկրորդ հարձակման մասին։ Այս մասին ասվում է Х սոցցանցում շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հրապարակած հաղորդագրության մեջ։

«Ամերիկյան Harry Truman ավիակիրը Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ենթարկվել է բալիստիկ թևավոր հրթիռների և անօդաչուների հարձակման», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին ավիակրի վրա հարձակման մասին կիրակի երեկոյան՝ անվանելով դա Եմենի տարածքի ռմբակոծության պատասխան, որի հետևանքով, հութիների կառավարության առողջապահության նախարարության տվյալներով, ավելի քան 50 մարդ է զոհվել, հարյուրից ավելին՝ վիրավորվել։

Նշենք, որ ԱՄՆ ռազմական ավիացիան հարձակումներ է իրականացնում Եմենի հյուսիսային Սաադա նահանգի վրա, որը համարվում է հութիների հենակետը, հարվածներ են հասցվել նաև երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաարիբ նահանգին, որը մասամբ գտնվում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ։