ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի տվել պաշտոնական արձագանք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։
Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։
Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։
0Comments