Եմենի ուժերը վերջին ժամերին երկրորդ անգամ հարձակվել են ԱՄՆ ավիակիր USS Harry S. Truman-ի վրա՝ ձախողելով ամերիկյան ավիահարվածները։ Այս մասին հայտնում է Irna-ն։
Եմենի բանակը երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, որ վերջին ժամերին երկրորդ անգամ հաջողությամբ հարձակվել է ԱՄՆ ավիակիր USS Harry S. Truman-ի վրա՝ խափանելով Եմենի վրա օդային հարվածները:
Եմենի զինվորականները հայտարարություն են տարածել, որ USS Harry S. Truman ավիակիրը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ հարձակման է ենթարկվել բալիստիկ հրթիռներով, թեւավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով՝ Կարմիր ծովի հյուսիսում մի քանի ժամ տևած բախման արդյունքում։
«Եմենի զինված ուժերը չեզոքացրել են թշնամական հարձակումը, որը թշնամին ծրագրում էր իրականացնել մեր երկրի դեմ։ Ինքնաթիռի և մի քանի ռազմանավերի ուղղությամբ հրթիռներով և անօդաչու սարքերով կրակելուց հետո հակառակորդի կործանիչները ստիպված են եղել վերադառնալ իրենց հենակետերը»,- նշվում է փաստաթղթում։
Եմենի զինված ուժերը կիրակի երեկոյան հայտարարություն են տարածել, որ հատուկ գործողություն են սկսել՝ հարձակվելու ԱՄՆ ավիակիր USS Harry S. Truman-ի և դրա հետ կապված ռազմանավերի վրա Կարմիր ծովի հյուսիսում՝ ի պատասխան Եմենի դեմ ԱՄՆ ագրեսիայի՝ օգտագործելով 18 հրթիռ և անօդաչու թռչող սարքեր:
0Comments