Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. «Հրապարակ»

Մանրամասներ
Յուվեցի Կարո Նովո

Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին: Այս  մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

Կայքի տեղեկություններով՝ Արմավիրի, Արարատի, նաեւ Երեւանի ծայրամասերում գործող տասնյակ գազալցակայաններ են վերջին շրջանում փակվել։ Փաշինյանի իշխանությունը հերթական հարկային տեռորն է սկսել, գուցե նաեւ շուկայի վերաձեւումը։ Իրավապահ համակարգն այցելում է եւ «պլոմբում» ԱԳԼՃԿ-ները։

Ըստ տեղեկությունների Արմավիրում օրերս փակվել են հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյին պատկանող մեկ տասնյակից ավելի գազալցակայաններ: Կայքի աղբյուրի փոխանցմամբ, դրանք Արմավիրում շատ լավ էին աշխատում` ամենաշատ «հերթերը» Նովոյի գազալցակայաններում էին։

Փակվել են նաեւ Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլիկ Կարապետյանի գազալցակայանները, մեկը՝ Նորագավիթում, մյուսը՝ Ներքին Չարբախում, մի քանիսն էլ՝ Հյուսիս-Հարավ մայրուղուն կից տարածքում։ Ներքին Չարբախի գազալցակայանի վերաբերյալ տարածքի բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ վերջերս դա Վիլիկ Կարապետյանից անցել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Քննչական կոմիտեից գազալցակայանների փակման վերաբերյալ կայքին փոխանցեցին, որ գազալցակայանների սեփականատերերը խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։ «ՀՀ քննչական կոմիտեում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի (Վիլիկ Կարապետյան` խմբ․) և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։ Բացի այդ, գլխավոր վարչությունում քննվում է նաև մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի (Նահապետ Գեւորգյան` խմբ․) և մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու նախաձեռնված քրեական վարույթը։ Ն.Գ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ընդհանուր թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։

Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը): 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Վ․Կ-ն եւ Ն․Գ-ն ունե՞ն կարգավիճակ այս գործերով, ինչ խափանման միջոց է ընտրվել,  ՔԿ խոսնակը պատասխանել է, որ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։